Բացահայտիր Արագածոտնը - Հավատքի և հույսի ժայռափոր աղոթատունը Ափնագյուղում

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Հավատքի և հույսի ժայռափոր աղոթատունը Ափնագյուղում

Արագածոտնի մարզի լեռնային բնապատկերների հանդարտության մեջ վեր է հառնում մի սրբատեղի, որտեղ ժամանակն կարծես կանգ է առնում, իսկ մարդկային հոգին գտնում է երկար սպասված խաղաղություն, հույս ու լավատեսություն:

​Այս յուրօրինակ մատուռը քանդակված է հենց բնական մեծ քարի ու ժայռաբեկորի մեջ։ Նրա արտաքին տեսքն աչքի է ընկնում իր զուսպ, դարավոր ու խորհրդավոր գեղեցկությամբ․ քարե զանգվածի գագաթին վեր է խոյանում մետաղական պարզ խաչը, իսկ մուտքի մոտ տեղադրված են հնամենի քանդակազարդ խաչքարեր, որոնք պահպանում են դարերի պատմությունն ու հավատքը: Մատուռի քարե մութ մուտքը ներս է հրավիրում աղոթքի ու առանձնանալու, իսկ շուրջբոլորը տարածվում է լեռնային անդորրը:

​Այս սրբատեղին տարիներ շարունակ համարվում է հայտնի ուխտատեղի. այստեղ գալիս են մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից՝ հավատով ու երազանք պահելով, որ մատուռից հոսող ջուրը կարող է բժշկել իրենց հիվանդությունները: Քանի որ մատուռը գտնվում է դժվարանցանելի վայրում, տեղի բնակիչները խողովակ են անցկացրել և ջուրը հասցրել ավելի հասանելի ու հարմար հատված, որպեսզի յուրաքանչյուր ուխտավոր կարողանա օգտվել դրանից:

​Ափնագյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի աջ ափին, Ապարան-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում։

​Կոորդինատներ. 40.4578, 44.3931

Լուսանկարը` Արմեն Մարտիկյանի