Բացահայտիր Արագածոտնը- Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի
· Ապարան

Ապարանի Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին հիմնադրվել է 4-րդ դարի վերջերին: Սկզբնական շրջանում՝ մինչև 10-րդ դարը, բնակավայրը հայտնի էր Քասաղ անունով, իսկ տաճարը կոչվում էր Քասաղի բազիլիկ: «Ապարան» տեղանունն ու եկեղեցու «Սուրբ Խաչ» անվանումը մատենագրության մեջ տարածում են գտել 10-րդ դարից սկսած: Այս անվանումն առաջացել է Մոկք նահանգի Միջա գավառում գտնվող Ապարանխ բնակավայրի և տեղի Սուրբ Խաչ վանքի պատվին, որտեղ պահվում էր Սուրբ Խաչի մասունքը: 10-րդ դարում այդ մասունքը տեղափոխվեց այս տարածաշրջան, ինչի պատվին էլ տեղանքն անվանակոչվեց Ապարան:
Այս պատմական կառույցը հանդիսանում է ճարտարապետական համալիրի գլխավոր կենտրոնական մասը, որտեղ մինչ օրս պահպանվել են 5-րդ դարին պատկանող եկեղեցու հիմնապատերը և երկու եկեղեցիների միջև ընկած հատվածում կառուցված սրահը: Այդ սրահը, ըստ ամենայնի, ծառայել է որպես ճեմարան՝ հանդիսանալով Սանահինի վանքի հռչակավոր «Մագիստրոսի ճեմարանի» նախօրինակը: Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված ճարտարապետական տարրերն ու բեկորները վկայում են, որ համալիրի տարածքում եղել են նաև այլ շինություններ, որոնք, ցավոք, ժամանակի ընթացքում անհետացել են: Համալիրի տարածքը հարստացնում են նաև վաղ քրիստոնեական շրջանին բնորոշ քառակող հուշասյուներն ու արխաիկ խաչքարերը:
Իր հազարամյա պատմության ընթացքում տաճարը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն երբեք լրիվ չի քանդվել: Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին: Այստեղ իրենց հոգևոր ծառայությունն են մատուցել Տեր Մուշե քահանա Վահանյանը և Տեր Սարգիս քահանա Սարգսյանը: Խորհրդային տարիներին սրբավայրը զրկվել էր իր բուն գործառույթից, և շուրջ մեկ դար այստեղ աղոթք չի հնչել ու խունկ չի վառվել:
Հայաստանի անկախացումից հետո տեղի բնակիչները ձեռնամուխ եղան եկեղեցու վերականգնմանը: Վերակառուցման աշխատանքները մեկնարկեցին 1992 թվականին՝ Էդուարդ սարկավագ Ֆրանգուլյանի առաջնորդությամբ: Վերականգնմանը մեծապես աջակցեց «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, որը 1000 օրինակով տպագրեց Էդուարդ Ֆրանգուլյանի «Աստվածաշունչը և մենք» գիրքը՝ վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղելով շինարարությանը: Սրբավայրի վերակառուցման գործին իրենց անձնական միջոցներով մասնակցեցին բոլոր ապարանցիները:
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան
Կոորդինատները՝ 40.5936° N, 44.3581° E