Բացահայտիր Արագածոտնը՝ Քուչակի «Թուխ Մանուկ» սրբավայրը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը՝ Քուչակի «Թուխ Մանուկ» սրբավայրը

«Թուխ Մանուկ» սրբավայրը Հայաստանում լայնորեն տարածված ուխտատեղի է: Այս սրբավայրերի արմատները կապված են հեթանոսական Հայաստանի հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով հնում դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները:

​Ավանդության համաձայն՝ 1828 թվականին Մուշից գաղթելիս բնակիչներն իրենց հետ սայլի վրա բերել են մի քար, որի վրա քանդակված են աղավնակերպ գլխով երեք դիցուհիներ՝ թև թևի տված պարելիս: Այսօր այդ քարը գտնվում է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից ոչ հեռու՝ Ապարանի ջրամբարի ափին, և հայտնի է որպես Քասախի կամ Քուչակի «Թուխ Մանուկ» հուշարձան-մատուռ:

​Թուխ Մանուկ սրբավայրերում ընդունված է զոհաբերություններ կատարել տարբեր ձևերով: Ուխտի գնալիս կամ այցելելիս մարդիկ տանում են մոմ, խունկ, գույնզգույն շալեր, շուշպա, սրբապատկերներ և այլ նվիրաբերություններ: Հավատալիքների համաձայն՝ Թուխ Մանուկներն ունեն բուժիչ հատկություններ. դրանք օգնում են մաշկային հիվանդությունների (մասնավորապես՝ գորտնուկների) բուժմանը:

​Սրբավայրի երեք գլխավոր բաղադրատարրերն են քարը, ջուրը և ծառը: Թեև ծառը կամ ջուրը կարող են բացակայել, քարն անպայման առկա է, նույնիսկ եթե այն տեղադրված է հատուկ շինության կամ տնակի մեջ: Բացի այդ, Թուխ Մանուկի պաշտամունքը խիստ կապված է երեխայի, նրա առողջության, պաշտպանության կամ զավակածնության հետ:

​Թուխ Մանուկի կերպարը տարբեր վայրերում տարբեր կերպ է ներկայանում: Մի տեղ նա պատկերվում է որպես 6–7 տարեկան երեխա, մեկ այլ տեղ՝ պատանի, երիտասարդ, հասուն տղամարդ, ալեհեր ծերունի կամ նույնիսկ զինվորական: Հանդիպում են նաև կնոջ կերպարով Թուխ Մանուկներ (կին երեխայի հետ կամ միայն կին): Ըստ մի ավանդազրույցի՝ Թուխ Մանուկը եղել է կին, ով փախչելով թուրքերից՝ աղոթել է Աստծուն, որ իրեն քար դարձնի: Աստված գթացել է աղջկան և դարձրել ժայռ, որի վրայով մինչ օրս ջուր է հոսում:

​Տեղակայում՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Քուչակ գյուղի մոտակայքում, Ապարանի ջրամբարի ափին:

Կոորդինատներ՝ 40.5283° N, 44.3889° E

Լուսանկարը `Դավիթ Մեհրաբյանի