Արցախի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 30 տարեկան

· Հայաստան

Արցախի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 30 տարեկան

Քյարամ Քյալաշի Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդի ընտանիքում։

Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ, ինչն էլ թերևս կանխորոշել էր հերոսի ռազմահայրենասիրական ոգին։

2014 թվականին Քյարամը զորակոչվել է բանակ Աշտարակի զինկոմիսարիատից և ծառայության անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

Նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երկու ամիս, երբ սկսվեցին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը։

​2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, շարքային Քյարամ Սլոյանը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերում էր։

Նա իր հրամանատարի՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի և զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ հետ մղել հակառակորդի հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի գրոհը։

Տեսնելով հակառակորդի թվային զգալի առավելությունը՝ կապիտան Ուրֆանյանը հրամայել է անձնակազմին լքել առաջնագիծը և նահանջել, սակայն Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը չեն ենթարկվել հրամանին և մնացել են հրամանատարի կողքին՝ շարունակելով անհավասար մարտը մինչև վերջ։

​Քյարամ Սլոյանը զոհվել է հերոսաբար՝ անձնազոհության գնով պաշտպանելով հայրենիքի սահմանները։

Նրա սխրանքը դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմի տոկունության և անձնվիրության խորհրդանիշներից մեկը։

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և ցուցաբերած արիության համար 2016 թվականի մայիսի 28-ին ՀՀ նախագահի կողմից Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։

Նրա հիշատակը վառ է մնում ոչ միայն եզդի համայնքի, այլև ողջ հայ ժողովրդի սրտում՝ որպես Արցախի հերոսի, ով կյանքը չխնայեց հանուն խաղաղության և հայրենի հողի անձեռնմխելիության։